ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ստամբուլն էին «մաքրում» ազգային փոքրամասնություններից

Ստամբուլն էին  «մաքրում»  ազգային փոքրամասնություններից
17.11.2023 | 11:34

1955 թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում և Իզմիրում կազմակերպված կոտորում, թալանում և բռնաբարում էին հայերին ու հույներին: Իսկ պետությունը հանգիստ հետևում էր իր կազմակերպածին:

Հիշյալ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք խուժանի զանգվածային ջարդարարությունը և թալանը լավ կազմակերպված էր, իսկ թուրքական իշխանությունը աչք փակեց դրա վրա` թողնելով, որ մարդասպանները Ստամբուլը մաքրեն ազգային փոքրամասնություններից` հույներից և հայերից:

Թուրք խուժանին, իրենց արյունոտ գործն սկսելու համար առիթ էր պետք, և այդ առիթն էլ ստեղծեցին: Հունական կառավարության կողմից Սալոնիկում թուրքերին նվիրաբերած «Աթաթուրքի տուն թանգարան»-ի բակում ինչ որ պայթուցիկի տեղադրումը, որն ընդամենը թանգարանի ապակիներն էր կոտրել, առիթ հանդիսացավ թուրքերի համար: Թուրքիայի պետական ռադիոկայանը տեղեկացրեց, թե հույները Աթաթուրքի տան մեջ ռումբ են պայթեցրել:

Վարչապետի մտերիմներից մեկի կողմից հրատարակվող Istanbul Ekspres-ը կեսօրից հետո զարմանալի արագությամբ, հասցրեց մոտ 300 հազար տպաքանակով համար հրատարակել, որը պետության կողմից ստեղծված և հովանավորվող «Կիպրոսը թուրք է» միության անդամները բաժանեցին ժողովրդի մեջ:

Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանավորածի: Հայերի, հույների և մյուս ազգային փոքրամասնությունների տները, խանութներն ու տաղավարները արդեն հատուկ գույներով նշագրել էին` հեշտությամբ ջարդելու ու թալանելու համար:

Թուրքերի վայրագությունների ընթացքում սպանվել էր 16 հոգի, որոնցից երեքը հայտնաբերվել էին պարկի մեջ այրված: Վիրավորվել էին 500-ից ավելի քրիստոնյաներ: Ընդհանուր հաշվով` թալանի էր ենթարկվել 4214 տուն, 1004 գրասենյակ, 73 եկեղեցի, 26 դպրոց և այլ հաստատություններ:

Հաստատելու համար, որ այս զանգվածային ջարդերը կազմակերպված են եղել թուրքական պետության կողմից, ինչպես 1915 թ. Հայոց ցեղասպանությունը` ներկայացնենք թուրքական Atilim կայքի հրապարակումը, որտեղ նշվում է, որ Սալոնիկի Աթաթուրքի տան բակի պայթյունը կազմակերպած Օքթայ Էնգինը, Հունաստանում պայթյունը կազմակերպելու համար մեկ տարի պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել և տեղափոխվել Թուրքիա, որտեղ էլ սկսվել է իր կարիերայում աննախադեպ վերելքը (նախ, Թուրքիայի կարևորագույն շրջաններից մեկի` Չանքայայի քայմաքամ, այնուհետ` ոստիկանության գլխավոր վարչության քաղաքական գործերով բաժնի պետ):

ԱՄՆ-ի Ստամբուլում հյուպատոս Արթուր Ռիչարդը, ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե ականատես է եղել, որ թուրքական ոստիկանությունը ոչինչ չէր անում կանխելու վայրագությունները:

1955 թ. ջարդերից տարիներ հետո, Թուրքիայի հատուկ նշանակության զինուժերի նախկին պետ Սաբրի Յիրմիբեշօղլուն նշել է, թե 1955 թ. սեպտեմբերի 6-7-ը հատուկ նշանակության զինուժերի գործն էր, որը հրաշալի կազմակերպվել էր:

Իսկ վերջում հիշենք Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարի մի առիթով ասված խոսքը. «Եթե հայերը և հույները Թուքիայում մնային, արդյոք. մենք այսպիսի ազգային պետություն կլինեի՞նք»:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6351

Մեկնաբանություններ